Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան (անգլ.՝ Whitney Museum of American Art), 20-21-րդ դարերի ամերիկյան արվեստի ամենախոշոր հավաքածուներից մեկը:
Թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին Հերտրուդ Վանդերբիլթ Ուիթնիի կողմից, ով թանգարանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուի մոտ 700 գեղարվեստական ստեղծագործություն: Արդյունքում թանգարանը պահպանել է Հերտրուդի դուստրը` Ֆլորա Փեյն Ուիթնին, ով զբաղեցրել է Ուիթնի թանգարանի փոխնախագահի պաշտոնը, իսկ 1942-1974 թվականների եղել է թանգարանի տնօրենը: 1985 թվականից թանգարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ֆլորա Փեյնի դուստրը` Ֆլորա Միլլեր Բիդլը: Մինչև 2015 թվականը թանգարանը գտնվել է Մեդիսոն Ավենյու 945, 75-րդ փողոց, Մանհեթեն, Նյու Յորք քաղաք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ հասցեում: Սա թանգարանի երրորդ շենքն է, որը նախագծվել ու կառուցվել է 1963-1966 թվականներին, ճարտարապետ Մարսել Բրոյերի և Համիլթոն Սմիթի կողմից: 1998 թվականին Ուիթնի թանգարանն ընդլայնվել է, երբ դրան է միացվել հարևան շենքը: 2015 թվականին թանգարանը տեղափոխվել է նոր շինություն Մանհեթենում, որը նախագծվել է իտալացի ճարտարապետ Պենցո Պիանոյի կողմից: Նոր շենքի շինարարությունն ընթացել է 2010-2015 թվականներին և արժեցել է 422 միլիոն դոլար, բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 1-ին: Նախորդ շենքն անցել է Մետրոպոլիտեն թանգարանի տիրապետության տակ: Յուրաքանչյուր երկու տարին մեկ Ուիթնի թանգարանը կազմակերպում է Ուիթնի Բիենալե, որտեղ կարելի է ծանոթանալ ամերիկյան ժամանակակից արվեստի նորագույն ձեռքբերումներին:
Թանգարանում ներկայացված են ամերիկյան 20-21-րդ դարերի բոլոր գեղարվեստական ուղղությունները գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, ինստալիացիայի, լուսանկարչության ու վիդեոարթի մեջ: Հավաքածուն ներառում է հայտնի նկարիչների ավելի քան 18.000 ստեղծագործություն: Ներկայացվաղ նկարիչներից են Էնդի Ուորհոլը, Ջասփեր Ջոնսը, Ջոն Սլոանը, Ման Ռեյը, Ուիլյամ Էգլսթոնը, Ռոբերտ Ռաուշենբերգը, Լուիզա Բուրժուան, Ջոն Մարինը, Հանս Հոֆմանը, Ալբերտ Ռայդերը, Մորիս Փրենդերհաստը, Ռոբերտ Հենրին, Ալեքսանդր Կոլդերը, Մարկ Ռոտկոն, Արթուր Դոուվը, Եվա Հեսսեն, Ռիչարդ Դիբենկորնը, Դան Քրիստենսենը, Ժոզեֆ Ալբերսը, Արշիլ Գորկին, Մարտին Նոքսը, Ջեքսոն Պոլլոքը, Քեննեթ Նոլանդը, Էլեն Ֆրանկենտալերը, Կիկի Սմիթը, Լուիզա Նևելսոնը, Լի Կրասները, Սինդի Շերմանը, Ստյուարտ Դէվիսը, Ռոնալդ Դէվիսը, Մարսդեն Հարթլին, Էդվարդ Հոփերը, Չարլզ Բուրշֆիլդը, Վիլեմ դը Կունինգը, Ֆրանց Քլայնը, Քեյթ Հարինգը, Բարնետ Նյումանը, Ռոբերտ Մոտերուէլը, Թոմաս Բենթոնը, Գրեյս Հարթիգանը, Ռոննի Լենդֆիլդը, Մորգան Ռասելը, Ուիլյամ Պոուպ Էլը և շատ ուրիշներ: Ուիթնի թանգարանում են պահվում նաև նկարիչ Էդվարդ Հոփերի այրու կողմից հավաքված գեղարվեստական հավաքածուն: